Մաթիլդա Ֆիբիգեր
Մաթիլդա Ֆիբիգեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1830[1] |
Ծննդավայր | Կոպենհագեն |
Մահացել է | հունիսի 17, 1872[1] (41 տարեկան) |
Մահվան վայր | Օրհուս, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | հեղինակ և կանանց իրավունքների պաշտպան |
Ծնողներ | հայր՝ Յոհան Ադոլֆ Ֆիբիգեր |
Mathilde Fibiger Վիքիպահեստում |
Մաթիլդա Ֆիբիգեր (դան․՝ Mathilde Fibiger, դեկտեմբերի 13, 1830[1], Կոպենհագեն - հունիսի 17, 1872[1], Օրհուս, Դանիա), դանիացի ֆեմինիստ և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաթիլդա Ֆիբիգերը ծնվել է Կոպենհագենում 1830 թվականին, բանակի սպա Յոհան Ադոլֆ Ֆիբիգերի և Մարգրետ Սեսիլիա Նիլսեն Աասենի ընտանիքում։ Ունեցել է ավագ քույր՝ Իլիյա Ֆիբիգերը։ Երիտասարդ տարիներին Մաթիլդան Լոլլանդ կղզում մասնավոր դասեր է տվել։ Այնուհետև գրել է վեպեր և հոդվածներ, որոնք վերաբերել են կանանց իրավունքներին։ 1850 թվականին գրել է Clara Raphael, Tolv Breve (Կլարա Ռաֆայել։ Տասներկու նամակ) մասամբ ինքնակենսագրական վեպը երիտասարդ տնային դաստիարակչուհու կյանքի մասին, ով աշխատել է գավառում և նկարագել է իր կյանքը ընկերուհուն՝ Մաթիլդային։ Վեպը լույս է տեսել 1851 թվականին, ոչ առանց վիճաբանությունների. վեպի հերոսուհու երազանքները կանանց ավելի մեծ անկախության մասին և նրա կոչերը կանանց ազատագրումը կյանքի նպատակ դարձնելու մասին էականորեն հակասում էին այդ ժամանակների բարքերին, բայց վեպի գրական արժանիքները դեռ գերակշռում էին։ Գրքի առաջաբանը գրել է գրող Յոհան Լյուդվիգ Հեյբերգը։ Հրատարակել է նաև Hvad er Emancipation? («Ինչ է ազատումը») և Et Besøg («Այցելություն») բրոշյուրները, En Skizze efter det virkelige Liv («Ուրվագիծ իրական կյանքից», 1853), Minona. En Fortaelling (Մինոնա։ Հեքիաթ, 1854) վիպակները։ Վերջին գիրքը վերաբերում է մերձավոր հարազատների սեռական կապերի խնդիրներին, որը նրան բերել է ոչ թե գրական հաջողության, այլ սկանդալ, որից հետո Մաթիլդան այլևս չի տպագրվել։
Չնայած այն հանգամանքին, որ Մաթիլդայի վեպերը արժանացել են քննադատների ուշադրությանը և նրանց առևտրային հաջողություններ բերում, այնուամենայնիվ Մաթիլդան ստիպված է եղել լրացնել պետության խղճուկ նպաստը դերձակի աշխատանքով և գերմանական գրականության դանիերեն թարգմանությամբ։ Դանիայի պետական հեռագրական ծառայությունը տնօրեն Պիտեր Ֆաբերի ղեկավարությամբ որոշել է կանանց աշխատանքի ընդունել, և 1863 թվականին Մաթիլդան սկսել է վերապատրաստվել որպես կին օպերատոր։ 1866 թվականին նա ավարտել է ուսուցումը Հելսինգյորի հեռագրական կայանում և աշխատանքի անցել՝ այդպիսով դառնալով Դանիայում առաջին կին հեռագրիչը։ Երկու տարի Հելսինգյորում աշխատելուց հետո` 1866 թվականին, նա որպես ղեկավար տեղափոխվել է Նյուստեդի հեռագրական կայան։ Այստեղ, բացի ոչ բարձր աշխատավարձից, նա բախվել է տղամարդկանց ագրեսիվությանը, ովքեր չէին ցանկանում ենթարկվել կնոջը և նրա մեջ իրենց դիրքի համար սպառնալիք էին տեսնում։ Հաջորդ տարի Մաթիլդան խնդրել է իրեն տեղափոխել Օրհուս, որտեղ տիրում էր նույն լարված բարոյական մթնոլորտը[2]։ Այդ խնդիրները խաթարել են Մաթիլդայի առողջությունը, և 1872 թվականին նա մահացել է 41 տարեկան հասակում։
Ի նշան երախտագիտության` Դանիայի կանանց համայնքը 1980 թվականին հիմնադրել է Mathildeprisen (Մաթիլդայի անվան մրցանակ), որը շնորհվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց` գենդերային հավասարության ոլորտում իրենց վաստակի համար։ Նրա անունով են կոչվել Ֆրեդրիկսբերգի փողոցներից մեկը և Օրհուսի Կանանց թանգարանի (Kvindemuseet i Danmark) հարևանությամբ գտնվող փոքրիկ հրապարակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Mathilde Fibiger, Women's Emancipation Pioneer». KVINFO - All About Gender in Denmark. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիլդա Ֆիբիգեր» հոդվածին։ |
|